Անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է , որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:
Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Ի տարբերություն անձնագրի` նույնականացման քարտը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո:
Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Նշենք, որ անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը, առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով: