Ի՞նչ արտոնություններ ունեն հանցանք կատարած հղի կանայք

Հղի կանանց մեր օրենսդրությամբ սահմանված են մի շարք արտոնություններ ամենատարբեր ոլորտնելում:

Այսպես օրինակ, ՀՀ օրենսդրությամբ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ` հետևյալ տևողությամբ.
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Հաշվի առնելով հղիության և սերնդի շարունակման կարևորությունը, ինչպես նաև ելնելով երեխայի լավագույն շահերից` օրենսդիրը հանցանք կատարած հղի կանանց համար ևս նախատեսել է որոշակի արտոնություններ:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 78 հոդվածը սահմանում է, որ ազատազրկման դատապարտված հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց, բացառությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հինգ տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, դատարանը կարող է հետաձգել պատիժը կրելը կամ ազատել պատիժը կրելուց այն ժամկետի սահմաններում, որի ընթացքում կինն ազատվում է աշխատանքից հղիության, ծննդաբերության, ինչպես նաև երեխայի մինչև երեք տարեկան դառնալու կապակցությամբ:

Եթե դատապարտված անձը հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնել է մանկատուն կամ խուսափում է նրան խնամելուց և դաստիարակելուց, որի համար գրավոր նախազգուշացվել է իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից, ապա նշված մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է դատապարտյալին ուղարկել դատավճռով նշանակված պատիժը կրելու:

Դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, երեխան երեք տարեկան դառնալուց հետո կամ նրա մահվան դեպքում կարող է դատապարտյալին ազատել պատիժը կրելուց կամ պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ դատապարտյալին ուղարկել պատժի չկրած մասը կրելու: Այդ դեպքում դատարանը կարող է պատժի չկրած ժամկետը լրիվ կամ մասնակիորեն հաշվակցել պատիժը կրելու ժամկետին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել