Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի` դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձևի պատմուճանով, որը նրան տրամադրվում է անվճար:
Պատմուճանի նկարագրությունը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը(այսուհետ`ԴՆԽ):
ԴՆԽ 2007թ. հոկտեմբերի 16-ի թիվ 15L որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների դատավորի պատմուճանը լայն ձևվածքով երկար թիկնոց է՝ կարված բարձր որակի ատլասե կտորից՝ սև գույնի, շատ քիչ զգալի նուրբ փայլով, քիչ ճմրթվող, որի պարանոցը ձևավորված է տղամարդու վերնաշապիկին բնորոշ տիպօրինակ փոքր օձիքով՝ սև թավշյա (բարձրորակ, խիտ հյուսվածքով գործվածք) կտորից։
Պատմուճանի փողկապային մասը ծածկված է ճերմակ ժանեկավոր եզրակալով՝ կարված նուրբ սպիտակ բնական մետաքսե կտորից։
Տղամարդ դատավորները պատմուճանը պետք է կրեն վերնաշապիկով և փողկապով, իսկ կին դատավորները՝ ազատ ոճի հագուստով։
Պատմուճանի թևքերը պետք է լինեն ազատ, եզրերը` ձևավորված 15 սմ լայնությամբ սև թավշյա թևքածալերով: