Մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`
1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս.
2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:

Նշենք, որ քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ քրեադատավարական օրենքով նախատեսված դեպքերի:

Մասնավորապես, քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։

Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելիս դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է յուրաքանչյուր դեպքում 2 ամսից ոչ ավելի ժամանակով:

Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել`
1) 1 տարին.
2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց:

Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:

Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել