Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝
2022 թվականի դեկտեմբերի 12-ին վաղ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ արգելափակելով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժն Արցախ ու հակառակ ուղղությամբ:
Այս ճանապարհն արցախցիների համար կյանքի ուղի է, որը փաստացի մեկ շաբաթ է ինչ ամբողջությամբ արգելափակված է:
Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նաև փակել էին Արցախ մտնող գազատարը և Արցախի շուրջ 120.000 բնակչությանը այս ձմեռային պայմաններում զրկել, ի թիվս այլնի, ջեռուցումից:
Ակնհայտ է, որ ճանապարհը փակող անձինք ուղղակիորեն ուղղորդվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի մասին են վկայում վերջիններիս փոխկապակցված գործողությունները:
Ադրբեջանի իշխանությունների նման սադրիչ գործողությունները հումանիտար և պարենային աղետի առաջ են կանգնեցրել Արցախի բնակչությանը: Սա Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ պետական մակարդակով քարոզվող ատելության հերթական դրսևորումն է:
Դրան զուգահեռ, այսպիսի գործելակերպը ևս մեկ վկայություն է Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության:
Փաստացի Ադրբեջանի իշխանություններն Արցախում ապրող հայերի համար միտումնավոր ստեղծում են կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, որպիսի գործողությունը, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածի համաձայն, համարվում է ցեղասպանություն:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների գործողություններն Արցախի ժողովրդի նկատմամբ և միջազգային կառույցներին ու դերակատարներին է կոչ անում՝
- Անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել անմարդկային գործողությունները դադարեցնելուն Ադրբեջանի իշխանություններին պարտադրելու ուղղությամբ,
- Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միակ երաշխիք, որն այսպիսի պայմաններում այլընտրանք չունի:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նշված խնդիրները և հարցերը բարձրաձայնելու է իր գործընկերության հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդում (CCBE) և Իրավաբանների միջազգային ասոցիացիայում (UIA):