Ուղղիչ հիմնարկներում՝ ըստ հիմնարկի տեսակի, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների առանձնահատկությունները

Ուղղիչ հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներն ըստ քրեակատարողական հիմնարկի մեկուսացվածության աստիճանի կազմակերպվում են ներքոհիշյալ առանձնահատկություններով`

1) բաց ուղղիչ հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները կազմակերպվում են անհատական կարգով` որպես կանոն ըստ անհրաժեշտության, ինչպես նաև դատապարտյալի դիմումի հիման վրա,

2) կիսաբաց ուղղիչ հիմնարկներում կազմավորվում են դատապարտյալների խմբեր (այսուհետ՝ խմբեր)։ Հիմնարկում խմբերի թիվը սահմանվում է՝ ելնելով սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակահարմարությունից:

Դատապարտյալին ըստ խմբերի տեղաբաշխելը կատարվում է՝ հաշվի առնելով նրա սոցիալական և հոգեբանական առանձնահատկությունները, առողջական վիճակը, քրեածին վարքի առանձնահատկությունները, հոգեբանական համատեղելիությունը և արժեքային կողմնորոշումները: Դատապարտյալներն ըստ խմբերի տեղաբաշխվում են քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով` բաժնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա: Հրամանի քաղվածքը կցվում է դատապարտյալի անձնական գործին: Տնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալները տեղաբաշխվում են նույն խմբում: Խմբի ղեկավար է նշանակվում բաժնի մասնագետներից որևէ մեկը (այսուհետ՝ խմբի ղեկավար), որը խմբում ընդգրկված դատապարտյալների հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների հիմնական կազմակերպիչը և իրականացնողն է: Խմբերի ղեկավարների գործունեությունը համակարգում և վերահսկում է քրեակատարողական հիմնարկի բաժնի կամ խմբի ղեկավարը կամ նրա պարտականությունները կատարող անձը։

Որպես կանոն, դատապարտյալը խմբում ընդգրկվում է պատժի կրման ողջ ժամանակահատվածի համար: Խմբից խումբ տեղափոխում կարող է իրականացվել քրեակատարողական հիմնարկի բաժնի կամ խմբի ղեկավարի կողմից քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացված միջնորդության հիման վրա: Պատժախուց տեղափոխված դատապարտյալը խմբի կազմից չի հանվում,

3) կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում խցերը բաշխվում են բաժնի մասնագետների միջև` յուրաքանչյուր աշխատող քրեակատարողական հիմնարկի պետի հրամանով նշանակվում է համապատասխան խցերի (3-10 խուց) պատասխանատու: Կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում խմբեր չեն ստեղծվում,

4) բուժական ուղղիչ հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, ինչպես նաև դատապարտյալի դիմումի հիման վրա: Այդ աշխատանքներն ուղղված են դատապարտյալի բուժման գործընթացին նպաստող պայմանների ստեղծմանը: Այդ նպատակով բուժական ուղղիչ հիմնարկներում դատապարտյալների բուժումը, այդ թվում` թմրամոլության և ալկոհոլամոլության բուժումը կարող է իրականացվել ոչ միայն բուժական մեթոդներով, այլ նաև հոգեթերապևտիկ և սոցիալական մեթոդներով:

Դատապարտյալի` պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկի տեսակը փոխելուց հետո նրա հետ իրականացվող աշխատանքները հիմնվում են նախորդ քրեակատարողական հիմնարկում կատարած աշխատանքների արդյունքների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել