Մենք ի սկզբանե աջակցել ենք ԵՄ-ի և անձամբ պարոն Շառլ Միշելի միջնորդական նախաձեռնությանը, քանի որ հասկացել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի «թաղումից» հետո պահանջվում է ինչ-որ հարթակ, ինչ-որ ինստիտուտ, որը կօգնի մեզ և Հայաստանը ինչ-որ համաձայնության գալ։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ադրբեջանական Minval-ը։
«Այս առումով պարոն Միշելի նախաձեռնությունը շատ տեղին էր։ Մինչ այժմ մենք Բրյուսելում հանդիպումների մի քանի փուլ ենք անցկացրել։ Կարծում եմ՝ նրանք բոլորն էլ հաջող են անցել: Մեր բանակցություններին հաջորդած մամուլի հաղորդագրություններն իրականում օգնեցին մեզ մշակել կարգավորման բանաձեւը։ Որովհետեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում որոշակի պատրանքներ առաջացան։
Նրանց թվում էր, թե մեզ հետ կշարունակեն քննարկել Ղարաբաղի հարցը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ հարցը բացարձակապես չի քննարկվում, որ մենք չենք պատրաստվում Ղարաբաղը քննարկել ոչ մի երկրի, ոչ մի միջազգային կազմակերպության հետ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, սա մեր տարածքն է՝ ճանաչված բոլորի կողմից։
Ղարաբաղը մեր ներքին խնդիրն է, բայց մենք պետք է դրան ֆորմալ բնույթ տանք, ինչն արվեց։ Եթե նայեք Պրահայի գագաթնաժողովում ընդունված կոմյունիկեն, ապա կնկատեք, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը նշանակում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Նույն մամուլի հաղորդագրության մեջ հղում կա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որը պաշտոնականացնում էր նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները։ Իսկ դա նշանակում է, որ կարգավիճակի և այլնի մասին ցանկացած շահարկում անհարիր է Ղարաբաղի հայերին»,- ասել է Ալիևը։