«Թուրքիայի հետ հարաբերությունների մեր տեսլականը շատ պարզ է՝ մենք եղբայրներ ենք, ընկերներ և դաշնակիցներ։ Անցյալ տարի Շուշիիում մենք ըստ էության ձևակերպեցինք այն, ինչ ավելի վաղ ձեռք էր բերվել մեր երկրների միջև։ Ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ մենք պաշտոնապես դարձանք դաշնակիցներ։ Դա, ինչպես ասացի, իրականության ձևավորում էր, քանի որ երկար տարիներ Թուրքիան և Ադրբեջանը հանդես էին գալիս որպես դաշնակիցներ։ Մենք բարձր ենք գնահատում համագործակցության, գործընկերության և եղբայրության այս մակարդակը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ադրբեջանական Haqqin-ը։
Նա վստահ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը բոլոր ոլորտներում «միայն կամրապնդվի։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ երկու երկրները միավորում են իրենց ներուժը։
«Միասին մենք ավելի ուժեղ ենք… Մեր երկրների ներուժն աճում է։ Ոչ միայն տնտեսական և արդյունաբերական, այլ նաև ռազմական ոլորտում։ Այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ սա թիվ մեկ գործոնն է ցանկացած երկրի համար։ Մենք հասկանում ենք, որ եթե երկիրը չունի ուժեղ զինվորականություն, կարող է դառնորեն զղջալ։ Ներդրումներ պաշտպանական ենթակառուցվածքներում, համատեղ զորավարժություններ. ի դեպ, տարվա ընթացքում մենք անցկացրել ենք ավելի քան տասը համատեղ զորավարժություններ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։
Կրկնում եմ՝ սա կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և մեր անվտանգության համար։ Բոլոր նրանք, ովքեր թշնամական ծրագրեր են նախագծում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, պետք է իմանան, որ թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայի բանակն է, այլ նաև մերը, և հակառակը՝ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր սադրանքներ են ծրագրում մեր սահմաններին՝ փորձելով վախեցնել մեզ, չպետք է մոռանան այդ մասին»,- ասել է Իլհամ Ալիևը։