«Էյչ Էնդ Էս» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է Coca-Cola-ին

Թարմացում – այս նյութում, սխալմունքի արդյունքում «Էյչ Էնդ Էս» ՍՊԸ-ի անվան փոխարեն հրապարկվել է HSBC բանկի անվանումը, ինչը նյութը հրապարկելուց քիչ անց շտկվել է։ Հարկ ենք համարում նշել, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի սույն դատական գործի հետ։ 

«Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն այս տարվա ապրիլին հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Էյչ Էնդ Էս» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։

Դիմելով դատարան՝ հայցվորը հայտնել է, որ պատասխանողի հետ կնքել է ըմպելիքների մատակարարման պայմանագիր: Պատասխանողը պատշաճ չի կատարել իր պարտավորությունը հայցվորի հանդեպ: Coca-Cola-ն դատարանին խնդրել է պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել` 154 հազար դրամ գումար և 4622 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատարանը գտել է, որ հայցվորի փաստարկները պետք է համարել դատարանի պատճառաբանություն, ըստ այդմ՝ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Այսպիսով, դատարանը սեպտեմբերի 9-ի որոշմամբ վճռել է Coca-Cola-ի հայցն ընդդեմ «Էյչ Էնդ Էս» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել և հօգուտ հայցվորի բռնագանձել նրա պահանջած գումարը։

Վճռի բողոքարկման ժամկետը լրացել է։ Այն մտել է օրինական ուժի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել