Եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ալիևը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար. «Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այն դերի համար, որ Դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը»:

Ալիևի խոսքով՝ հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերակատարումն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպումը մեր առաջին հանդիպումը չէ, Ձեր նախաձեռնությամբ նման հանդիպումներ եղել են, և ես տեսնում եմ, որ դրանք դրական խթան են եղել կարգավորման գործընթացի համար»:

Ալիևն անդրադարձել է նաև բուն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին:

«Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և, կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել կարգավորման: Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մի ձևաչափ է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։ Մենք անհամբեր սպասում ենք Ձեր անձնական և Ռուսաստանի շարունակական ակտիվ դերակատարմանը՝ այդ նպատակներին հասնելու գործում»,-ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ՌԴ նախագահն իր ելույթում ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն տասնամյակներ, և ժամանակն է վերջ տալ այդ հակամարտությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել