Նոր նախագիծ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:

Միաժամանակ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իրավասություն կստանա Կառավարության համաձայնությամբ իրականացնել համապատասխան ծրագրեր (այդ թվում` այն միջոցների հաշվին, որոնք այսօր վերադարձվում են):

Կբարելավվի նաև այն զինծառայողների սոցիալական վիճակը, ովքեր հանդիսացել են Հիմնադրամի շահառու, սակայն ճանաչվել են երրորդ խմբի հաշմանդամ:

Կհստակեցվի նաև զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի հատուցման իրավունքը, ինչպես նաև օրենքով կկարգավորվի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից դրոշմանիշային վճար վճարելու հետ կապված հարաբերությունները:

Առաջարկվում է.

  • Հիմնադրամի խորհրդին լիազորել` Կառավարությանհամաձայնությամբ և իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին, մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով զինծառայողի առողջությանը վնաս պատճառվելու դեպքում` հիմնադրամի շահառու չճանաչված զինծառայողներին,
  • Ուժը կորցրած ճանաչել կամ խմբագրել վճարած դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու վերաբերյալ դրույթները,
  • անցումային շրջանի համար (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն (ճանաչվել են հիմնադրամի շահառու) և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ:

Դրամական աջակցության չափն առաջարկվում է` սպայական կազմի զինծառայողներին` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ:

Խնդրո առարկա չափերը սահմանվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս անձինք ստանալու են նաև հաշմանդամություն զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:

Հաշվի են առնվել նաև հիմնադրամի շահառուների ամսական վճարների չափերը, քանի որ այդ զինծառայողները ՀՀ պետական բյուջեից կենսաթոշակ և պարգևավճար չեն ստանալու:

Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` առ 29.08.2022թ. 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ (հիմնադրամի շահառուներ):

Ըստ այդմ, հիմնադրամի շահառու հանդիսացած` բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց թիվը կանխատեսվում է 160, որից` սպայական` 20, պայմանագրային, զորահավաքային և կամավորական` 60, պարտադիր ժամկետային` 80: Հիմնադրամի ծախսը կկազմի.

Հատուցում (հիմնադրամ) Քանակ Ամսական ծախս Տարեկան ծախս
Սպայական 75,000 20 1 500 000 18 000 000
Պայմանագ., զորահավաք կամավոր. 50,000 60 3 000 000 36 000 000
Պարտ. ժամկ 25,000 80 2 000 000 24 000 000
Ընդամենը   160 6 500 000 78 000 000

 

Բացի այդ, դրոշմանիշային վճար վճարելու պարտավորություն ունենալու և այդ պարտավորության առկա լինելու դեպքում դրոշմանիշային վճարը հաշվարկելու և վճարելու հաշվետու ժամանակաշրջանի և դրույքաչափերի կարգավորման անհրաժեշտությունից ելնելով, նախագծով սահմանվել է, որ հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ օրացուցային տարին: Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Այս դեպքում Նախագծի անցումային դրույթներով նախատեսվել է, որ մինչև 2022 թվականի համար հաշվարկված եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած), ինչպես նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ համատեղ զավակ ունեցող անձը հատուցման իրավուն ունի, եթե զինծառայողը չունի ամուսին (եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողը չի գտնվել գրանցված ամուսնության մեջ այլ անձի հետ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել