Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է Բաքվի ու Անկարայի շահերից բխող հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությունը:
Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան դաշինքը», որում մասնավորապես ասվում է․
«Պատահական չէ, որ այս իշխանությունների թիրախում են հայտնվում անձինք, ովքեր տարիներ շարունակ քննադատվել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից և ովքեր իրենց հասարակական, մասնագիտական կամ քաղաքական գործունեության առանցքում ունեցել են և ունեն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից բխող մոտեցումներ:
Փաշինյանի ու իր թիմի կողմից հայանպաստ գործիչներին թիրախավորելու հերթական օրինակը Լազարյան ակումբի համակարգող, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքն է Հայաստան:
Ուշագրավ է, որ պարոն Զատուլինի՝ Հայաստանում անցանկալի անձ լինելու և մուտքը արգելելու մասին ներկայացված պարզաբանումը ուղարկվել է ԱԺ արտաքին կապերի վարչության ղեկավարի կողմից։ Իշխանությունների այս քայլը ուղղված է մի կողմից Բաքվի և Անկարայի պահանջների բավարարմանը, մյուս կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների խաթարմանը:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների այս հերթական հակահայկական քայլը՝ ամրագրելով, որ վարվող քաղաքականության պայմաններում Հայաստանի ու Արցախի անվտանգային մարտահրավերները միայն աճում են»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Հայաստանի խորհրդարանը անցանկալի է անվանել իր մուտքը երկիր՝ Հայաստանի դեմ արած հայտարարությունների համար։
Telegram-ի ալիքում Զատուլինը հայտնել է, որ երեքշաբթի նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- մեջբերում է Զատուլինը նամակի տեքստը։