Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը պետական հեռուստաեթերից հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են Թուրքիայի հետ բանակցել Սինոպ քաղաքի մերձակայքում ատոմակայան կառուցելու հարցի շուրջ։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
«Տեխնոլոգիական դաշինքների, ներդրումային քաղաքականության և Թուրքիայի էներգետիկ շուկայի ձևավորման հարցերում մոտեցումներ մշակելու համար մենք բանակցում ենք թուրք գործընկերների հետ»,- նշել է Լիխաչովը՝ շեշտելով, որ Սինոպը գրավիչ վայր է 4 էներգաբլոկով մեծ ատոմակայան կառուցելու համար։
Պետք է նշել, որ Թուրքիան Սինոպում ատոմակայան կառուցելու համար տարիներ առաջ պայմանագիր էր եկել Ճապոնիայի հետ, բայց Ճապոնիան ծախսերի աճի պատճառով 2019-ին դադարեցրել է շինարարությունը և հայտարարել, որ իր օրակարգում այլևս չկա այդ ատոմակայանի շինարարությունը շարունակելու հարցը։
Բայցևայնպես Սինոպի ատոմակայանը եթե կառուցվի, ապա այն կլինի Թուրքիայի 2-րդ ատոմակայանը։ Առաջինը կառուցվում է Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին։ Ըստ նախագծի՝ պիտի ունենա 4 էներգաբլոկ և ապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 10 տոկոսը։ Նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 22 մլրդ դոլար։ Այն կառուցվում է ռուսական ֆինանսավորմամբ։ Շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմը»։
Անկարան և Մոսկվան ատոմակայանի կառուցման պայմանագիրը կնքել էին դեռևս 2010-ին։ Նախատեսվում է ատոմակայանը շահագործման հանձնել 2023-ին, երբ Թուրքիան նշելիս կլինի հանրապետության հիմնադրման 100-ամյակը։