Ուսումնամարզական թռիչք կատարելիս ռուսական Սու-34 գերձայնային կործանիչ-ռմբակոծիչը վթարի է ենթարկվել, ինքնաթիռն ընկել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում, օդաչուները հասցրել են պարաշյուտներով ցած նետվել։
Վթարի վայրում՝ բնակելի թաղամասի բակերից մեկում տեղի է ունեցել ինքնաթիռի վառելիքի բռնկում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, այս պահին վթարի վայրում խոշոր հրդեհ է, 9 հարկանի բազմաբնակարան շենքի բակում է գտնվում նաև Եյսկի շրջանի ղեկավար Ռոման Բուբլիկը, ով մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցողից։
«Եյսկ քաղաքում արտակարգ իրավիճակ է, այրվում է 9 հարկանի շենքը։ Բոլոր ծառայություններն օպերատիվորեն ժամանել են հրդեհի վայր։ Ես նույնպես արտակարգ դեպքի վայրում եմ, համակարգում եմ ծառայությունների աշխատանքը։
Բնակիչներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով հատուկ կետ է ստեղծվում, նրանց կցուցաբերվի անհրաժեշտ ցանկացած տեսակի օգնություն։ Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են»,- հայտնել է շրջանի ղեկավարը։