Բորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է

Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար ստեղծված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է, և այն օպերատիվորեն կտեղակայվի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին վերաբերող մամուլի ասուլիսին:

«Մեր թիմն արդեն Հայաստանում է: Առաքելությունն արագ կիրագործվի»,-նշել է նա:

ԵՄ նախագահ Շառլ Միշելն էլ ողջունել է առաքելության օպերատիվությունն ու նշել, որ այն կարող է ամրապնդել վստահությունը, (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և ԵՄ-ին հնարավորություն տալ առավել աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր զետեղվել այն մասին, որ Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան: Նշվում էր, որ առաքելության նպատակն է իրավիճակի մոնիթորինգը, վերլուծությունը և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը։

Հաղորդագրության մեջ ասվում էր, որ այս որոշումը հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։

Եվրոպայի խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը միտված է խաղաղության և կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանը և երկու երկրների պետական սահմանի դելիմիտացիային աջակցելուն։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը միտված է վստահության ամրապնդմանը անկայուն իրավիճակում, որը ռիսկի տակ է դնում մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնական նպատակին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել