Ադրբեջանական զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզում բնակչությանը հոգեբանական ճնշման, վնասարարության դեպքեր են արձանագրվել։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Ադրբեջանական ԶՈՒ-ն, սա չի կարող պատահականություն լինել, սա ձեռագիր է հրամանատարական մի կետից կառավարվող, տարբեր գործողությունների շարք․ գիշերվա ժամերին բնակելի տների պատուհանների ուղղությամբ իրենց դիրքերից ուժեղ լույսեր են միացնում։ Սա ուղղակի շարունակական հոգեբանական տեռորի օրինակ է։ Կամ տարբեր համայքների ուղղությամբ իրենց բարձրադիր դիրքերում անիվներ են այրում ու այրվող անիվները բաց են թողնում դեպի գյուղեր, համայնքներ, շատ դեպքերում թիրախավորելով ու վնաս տալով հավաքած խոտը և այլն։ Իսկ նման բնակավայրերում մարդկանց միակ ապրուստը անասնապահությունը կամ արտն է՝ հողագործությունը, որի միջոցով ողջ տարին պետք է ապրեն։ Կամ գողանում են անասուններին, կենդանիներին, մարդկանց, բարձրախոսներով ցերեկվա ու գիշերվա ժամերին սպառնալիքներ հնչեցնում»,-ասաց ՄԻՊ-ը։
Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ այս քայլերն այդ բնակավայրերի հայաթափմանն են ուղղված։