Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կազմը և Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը և աշակերտները ծաղիկներ խոնարհեցին Գուրգեն Մարգարյանի հիշատակը հավերժացնող կիսանդրիին։
Բուդապեշտում տեղի ունեցած սարսափելի, անմարդկային ոճրագործության զոհ դարձած Գուրգեն Մարգարյանի մահվան դրվագներից պատմել էր Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը։
«Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը։ Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։
Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորս բոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» – պատմել է հունգարացին»։
Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։
Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։
Այսօր, ինչպես երբևէ, ևս մեկ անգամ հասկանում ենք, որ ոճրագործը հայատյացության ցեղասպան քաղաքականությունից չի հրաժարվել, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ: