Հանրության դատին է հանձնում Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլի» կոնցեպտն ու բրենդինգը։
Այս մասին հայտնում է Առաջին ալիքի Հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը։
«Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։
Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով:
Այն հայկական հոլն է, որն իր այլ տարբերակներով ծանոթ է աշխարհի բոլոր երեխաներին, բայց միաժամանակ շատ հայակական է։ Այն զարդարված է ազգային նախշերով, որոնք Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը»,-նշում է նա։