ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թվականների ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և այլ անձինք:
Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Անդրանիկ Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարություն է տվել ԱԻ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքն ապամոնտաժելու վերաբերյալ: Այնուհետև Վ. Մ.-ն 2022թ. մարտին, հիշյալ գույքը հափշտակելու դիտավորությամբ, այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևան քաղաքի բնակչին:
Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն:
Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն:
Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 1700-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով և արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եվս 12 անձի, այդ թվում` ԱԻ նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 1-ին մասով, 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-3112-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-312.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մեղադրյալներից Վ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: