«Ազգային առաջընթացը» հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին։
Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ քաղաքական ուժեր դե-ֆակտո արդեն սկսել են գալիք տարում նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը և նույնիսկ հայտարարել քաղաքապետի իրենց թեկնածուների մասին` «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս քննարկել է այս հարցը իր վարչության նիստում և միաձայն որոշում ընդունել նույնպես մասնակցել 2023 թվականի մայրաքաղաքային ընտրություններին:
Այս առթիվ կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ակնհայտ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կրկին վերածվելու են սևերի և սպիտակների միջև «պայքարի», ինչպես դա տեղի է ունեցել 2018թ-ից ի վեր բոլոր ընտրությունների ժամանակ՝ թե ԱԺ-ի և թե Երևանի ավագանու։
Ակնհայտ է, որ գործող կառավարությունը և Երևանի ավագանու կառավարող թիմը ձախողել են իրենց նախընտրական ծրագրերի իրագործումը։ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե ներկա իշխանությունների օրոք, թե նախկինների վերադարձի դեպքում։
Ակնհայտ է նաև, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը իր ստեղծման օրվանից փորձել է լինել այդպիսի այլընտրանք, այդ իսկ պատճառով մասնակցել է 2018 թվականի ԱԺ ընտրություններին և նաև որոշել է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
Այս տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր մասնագիտական ներուժը և որակապես վերամշակել մեր ծրագրերը. վստահ ենք, որ կարող ենք մեր ներդրումը ունենալ Երևանի հիմնախնդիրների լուծման գործում։
Կարծում ենք, որ երևանցիները Ավագանիում պետք է ունենան նոր ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն հասկանում են առկա խնդիրների էությունը և ունակ ենք դրանք լուծել, այլև, ինչը ոչ պակաս կարևոր է, ունեն ազատություն և ինքնուրույնություն այդ քայլերը իրագործելու համար»:
Կուսակցությունը նաև հայտնում է, ու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը: