Սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսում հանդիպում է ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փըլոունի և հանձնախմբի այլ անդամների հետ։
Եղիշե Կիրակոսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Խոսվել է նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինծառայողների կողմից կատաված պատերազմական հանցագործությունների, խաղաղ բնակչությանը թիրախավորելու և հայ ռազմագերիների՝ ապօրինաբար Ադրբեջանում պահվելու մասին:
Եղիշե Կիրակոսյանը ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել նաև Ադրբեջանում տիրող համակարգային բնույթ կրող հակահայկական ատելության և ռասայական խտրականության մթնոլորտի մասին, ինչպես նաև հայտնել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումների շարունակական խախտումների, այդ թվում Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերզամական հանցագործությունների, Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված հայ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանված անձանց մարմինների խեղումների բազում այլ պատերազմական հանցագործությունների մասին։
Եղիշե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսականներին Հայաստանին ու Արցախին շարունակաբար ցուցաբերված աջակցության համար։