Հիմա էլ է մեր հանրապետության համար պատմություն կերտվում․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը․

«Սիրելի՛ սյունեցիներ

Հայաստանի Հանրապետության անկախությունը 31 տարեկան է։

Շնորհավորում եմ բոլորիս այս տոնի առիթով՝ տոն, որ հիմա ու այս ժամանակաշրջանում առավել հատուկ ու անչափ թանկ նշանակություն ունի, քանզի չի դադարել պայքարը նրա համար, քանզի ինչը որ դարերի մաքառումից հետո ձեռք բերեցինք 31 տարի առաջ, շարունակում ենք վերանվաճել ու այն պահպանելու համար պայքարել ամեն օր, ամեն պահ ու ցավոք՝ նաեւ արյունով․․․ Հիմա էլ է մեր հանրապետության համար պատմություն կերտվում, ու մենք ենք դրա մասնակիցը․ պարտավոր ենք անել այնպես, որ Սեպտեմբերի 21-ը հայ բոլոր սերունդների համար պահպանի իր խորհուրդը․․․

Խոնարհումս՝ մեր անկախության համար 1990-ականներից մինչ այս օրը կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։

Շնորհավորում եմ նախեւառաջ նրանց, ովքեր հիմա կանգնած են սահմանին ու անկախության համար պայքար մղելով առաջնագծում՝ շարունակում են հերոսների գործը։

Հայտնի փաստ է, որ անկախությունը չեն նվիրում, այն պետք է վաստակել ու նվաճել, որեւէ ազգի համար դրանից վեհ նպատակ ու ծառայություն չի կարող լինել։ Թո՛ղ պայքարը դրա համար լինի հնարավորինս քիչ ցավոտ ու վերջնականորեն հաղթական։

Խաղաղություն, միասնականություն, ուժեղ հայրենիք եմ մաղթում բոլորիս։

Շնորհավո՛ր Հայաստանի անկախության օրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել