Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ․
«Սիրելի ժողովուրդ,
Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը մենք նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ:
Անկախության կերտման ու պաշտպանության ուղին դյուրին չէ և այդ ճանապարհին մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ։ Oրեր առաջ հերթական անգամ մեր մարտիկներն իրենց կյանքը զոհեցին հանուն մեր երկրի անկախության ու հայրենիքի սահմանների պաշտպանության՝ իրենց զոհաբերությամբ ավանդելով ու պարտավորեցնելով բոլորիս լինել միաբան ու հզոր, որովհետև նրանք ընկան հանուն ազատ ու անկախ ապրելու մեր անքակտելի իրավունքի պաշտպանության։ Եվ այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ։
Սիրելի հայրենակիցներ,
Ոչ երեք տասնամյակ առաջ, ոչ էլ այսօր անկախությունը մեր ժողովրդի համար չի եղել ինքնանպատակ կամ զուտ վերացական մի ձևակերպում, որովհետև երեսունմեկ տարի առաջ այս օրն անցկացվող հանրաքվեն, ոչ թե անկախ լինելու կամ չլինելու երկընտրանքի մասին էր, այլ հայ ժողովրդի կայացրած վճռի հաստատագրման նպատակ ուներ: Այդ վճիռն այսօր էլ չի փոխվել՝ անկախ դժվարություններից:
Միևնույն ժամանակ անկախության հանրաքվեից ի վեր, վերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն մեր ներկայի, հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի:
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 31-ամյակի կապակցությամբ, լիահույս եմ, որ ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է մեր հավաքական կամքի ու հավաքական միասնության համար»։