Իսկ հիմա սառը և անկեղծ: Մեր երկիրը գտնվում է չափազանց բարդ իրավիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Զգացմունքայնության ժամանակը չի: Սառը դատելու ու գործելու ժամանակն է:
Ես գիտեմ, որ ֆեյսբուքում ստատուսներ գրելով խնդիրներ չեն լուծվում, ու դրա համար չեմ հոգնեցնում ձեզ երկար ու հաճախ ճառերով:
Բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, մի քանի մտքերով կիսվել:
Մենք գիտենք, որ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, գիտենք, որ աշխարհը պրագմատիկ է։
Այստեղ որոշիչ են շահերը։ Որքան էլ բարձր ամբիոններից խոսվի մարդու իրավունքներից և այլ գեղեցիկ բաներից, շահերն ավելի կարևոր են, քան մարդկանց ճակատագրերը։
Մենք գիտենք, որ համաշխարհային քաղաքականությունը մեծ առևտուր է: Դարավոր եղբայրությունը, մշակութային կապերն ու սիմպատիաները կապ մեծ հաշվով դեր չեն խաղում քաղաքականության մեջ:
Պետք չի չափից դուրս ոգևորվել Հայաստանի / Արցախի կամ հայ ժողովրդի հասցեին որևէ մեկի ասած դրական խոսքերից, ընկնել էյֆորիայի մեջ, և ոչ էլ պետք է վհատվել հակառակից։ Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն, անել հետևություններ ու շարժվել առաջ։ Սառը հաշվարկով՝ հանուն Հայաստանի պետական շահերի:
Սա է իրականությունը: Լավ է, թե վատ՝ ունենք այն, ինչ ունենք:
Մեր խաղաղության, մեր գոյության երաշխավորը նախևառաջ մենք ենք: Եթե մենք մեզ չպաշտպանենք, ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու:
Մեզ հիմա ամենից շատ պետք է ներքին միասնականություն, գոնե այս հարցի շուրջ: Մեր զինվորը պիտի վստահ լինի, որ թիկունքն ամուր է, որ իր մեջքի հետևում իրար չեն ուտում:
Վերջին իրադարձությունները, չնայած ցավալի զոհերին ու կորուստներին, մի շատ, չափազանց կարևոր դեր են խաղացել: Դրանք ստերեոտիպ են կոտրել:
44-օրյա պատերազմից հետո շատերին՝ թե երկրի ներսում, թե դրսում, թվում էր, որ մենք այլևս ոչ բանակ ունենք, ոչ կռվող, ոչ էլ կռվելու կամք: Շատերին թվում էր, թե անդառնալի կոտրվել ենք, վերածվել անպաշտպան ու կամազուրկ մի սուբյեկտի, որին թեթև վախեցնելով՝ կարելի է ցանկացած զիջում պոկել:
Հայկական բանակը կոտրեց այդ միֆը: Կրկին ցույց տվեց, որ մեզ չի կարելի «դուրս գրել»:
Սա չափազանց կարևոր նշանակություն ունի: Չափազանց: Մարտական ոգու վերականգնումը, սեփական ուժերի նկատմամբ վստահության վերականգնումը բազմապատկում են բանակի ուժը:
Այո, մենք խաղաղություն ենք ուզում, բայց չենք մուրում, որովհետև խաղաղություն մուրողին, հանձնվածին ընդառաջ չեն գնում: Հակառակը՝ պոկում են, ինչ կարող են:
Մենք խաղաղություն ենք ուզում, բայց շատ լավ պատկերացնում ենք՝ ում հետ գործ ունենք, և շատ լավ գիտակցում ենք, որ խաղաղության ամենակարևոր երաշխիքը ուժեղ լինելն է:
Մենք ոչ գերագնահատում ենք, ոչ թերագնահատում մեր ուժերը: Մեր ռեսուրսները սահմանափակ ենք, մեզ բայրաքթար նվիրող չկա, մեզ համար ուրիշները չեն կռվում:
Բայց բավարար կամք ու միասնականություն ցուցաբերելու դեպքում մենք կարող ենք ցույց տալ, որ մեզ հետ չեն կարող ինչ ուզել անել:
Էլի եմ կրկնում. զգացմունքային ու տաք գլխով որոշումները սխալ տեղ են տանում: Ինչ էլ ասեն, ինչ էլ խոսեն՝ վստահ եղեք, կառավարությունում բոլոր ռիսկերը վերլուծվում են, և ցանկացած որոշում ընդունելիս հաշվի է առնվում / առնվելու Հայաստանի պետական շահը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, հավատացեք, փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրում ներքաղաքական լարվածությունը միայն վնաս է տալիս:
ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող հանրահավաքին ես տեսա ծանոթ մարդկանց՝ գործարարներ, արվեստագետներ և այլոց, որոնց հայրենասիրությանը չեմ կասկածում: Համոզված եմ, որ նրանք գնացել էին ազնիվ մղումներով: Բայց….
Բարեկամներ, հանրահավաք անելու շնորհիվ հրադադարի հասնելը, ինչի մասին որոշ գործիչներ հայտարարում են, պարզապես… չասեմ ինչ է: Թույլ մի տվեք ձեզ մանիպուլացնեն:
Բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մեջ սեպ խրելու փորձերը, անվստահություն ու խուճապ տարածելը, կեղծ լուրեր տարածելը ոչ թե իշխանությանն են վնասում, այլ երկրին:
Նման բաներով զբաղվող մարդկանց կոչ անել կամ համոզելն անհույս գործ է. նրանք լավ գիտակցում են ինչ են անում և ում շահերն են առաջ տանում:
Ես դիմում եմ իրենց երկիրը սիրող, գիտակից ու ազնիվ մարդկանց: Կանգնեք պետականության կողքին՝ գոնե վնաս չտալով: Ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործը լավ անելով:
Սա քաղաքականության հարց չի, սա Քաղաքացու հարց է: Իր երկրի մասին մտածող, գիտակից քաղաքացու: Իշխանությունները անցողիկ են, Հայաստանը հավերժ պիտի մնա:
Կեցցե Հայ զինվորը,
Կեցցե Հայաստանը,
Հավերժ փառք մեր հերոս նահատակներին»,- գրել է Թունյանը: