Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ճանաչեց և հռչակեց Սայաթ Շիրինյանի անմեղությունը, հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյան։
«Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին նոլիկի ձեռնարկած քաղաքական ռեպրեսիաների շրջանակներում Սայաթ Շիրինյանը ձերբակալվեց, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվեց մեկ ականատես վկայի, համատեղության կարգով ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Զորիկ Ավդիշոևի ցուցմունքի հիման վրա:
Պետք է փաստել, որ Տաթևիկ Գրիգորյանն այս դժվարին ժամանակներում իրեն դրսևորեց որպես իսկական դատավոր։
Միևնույն ժամանակ հետևողական եմ լինելու սույն քաղաքական հետապնդման ճարտարապետներին և դրան մասնակցություն ունեցած հասարակ բանվորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: