Ընթանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին կարելի է հետևել սույն հղումով։

—————————

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվել նաև խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդել է, որ ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է: Ժամը 13:00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին:

Սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել