Շատերը ելքի երկու տարբերակ են տեսնում, որոնք ինձ համար անընդունելի են․ Ռուբեն Վարդանյան

Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղից շատերը ելքի երկու տարբերակ են տեսնում, որոնք երկուսն էլ ինձ համար անընդունելի են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Մի տարբերակը ձևացնելն է, թե իրավիճակը վերահսկողության տակ է, որ բանակն ամեն ինչով ապահովված է, որ իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում, և որ նրանց քաղաքականությունը կհանգեցնի ստատուս քվոյի վերականգնման և երկարաժամկետ խաղաղության: Ես չեմ հավատում դրան, քանի որ գիտեմ և տեսնում եմ, որ դա այդպես չէ: Ես հասկանում եմ, որ այս պատերազմում ներքաշված են շատերը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը: Ինձ համար անընդունելի է նաև, որ Արցախի հարցի առաջնահերթությունը, մեր հայրենակիցների ճակատագիրը և շատ կարևոր այլ արժեքներ նրանց համար վերջին տեղում են:

Մյուս տարբերակը՝ իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելն է, հանրահավաքներին միանալն ու նրանց հրաժարականը պահանջելը: Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կարողանում հաջողել ո՛չ պաշտպանության, ո՛չ դիվանագիտության մեջ, ո’չ տեղեկատվական պատերազմում և, ամենակարևորը` չեն կարողանում վտանգի պահին համախմբել հասարակությունը: Նրանք առհասարակ որևէ բանում չեն հաջողում: Բայց այս երկրորդ տարբերակը ևս այս պահին ընդունելի չէ ինձ համար, քանի որ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների, ինչպիսին էլ որ դրանք լինեն, լեգիտիմությունը: Նախ՝ պետք է առնվազն հաղթահարել պատերազմի սուր փուլն ու վտարել ագրեսորին մեր երկրի սահմաններից: Դրանից հետո արդեն՝ մտածել երկրի ներքին հարցերով զբաղվելու մասին:

Սա մե՛ր պատերազմն է, որը պահանջում է, որպեսզի մենք բոլորս կանգնենք հանուն մեր հայրենիքի պաշտպանության և հանուն մեր գալիք սերունդների ապագայի, թիկունք լինենք հերոսաբար կռվող, հայրենիքի սահմաններն արժանապատվորեն պահող մեր զինվորներին, ու գիտակցենք, որ մեծ պարտք ունենք նրա՛նց առաջ, ովքեր իրենց կյանքն ենք զոհել:

Ես անում եմ ու շարունակելու եմ անել այն, ինչ կարող եմ և ա՛յն ուղղություններով, որտեղ իսկապես կարող եմ օգտակար լինել: Ես վստահաբար հավատում եմ մեր հաղթանակին, քանի որ ճանաչում և շփվում եմ իրական հայրենասերների հետ, և հավատացեք, որ մենք շատ ենք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել