7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, իրավագետ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ նոր է դուրս եկել Ջերմուկ քաղաքից։ Սիմոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում բոլոր ուղղություններով՝ հրթիռակոծելով քաղաքի բնակելի հատվածները։ Չխորանամ այն հարցերում, թե միջազգային իրավունքի քանի նորմ է խախտվում։ Դա այս նոր աշխարհում այդքան էլ հետաքրքիր չի։Բանակի հերոս տղերքը զսպում են թշնամուն։
«Սահմանային լարվածության» բառերով իրենց պիղծ ու անբարոյական հոգին հանգստացնող քաղաքական որոշ գործիչների ու դրսի որոշ «գործընկերների» ուղեղը բոլոր անհրաժեշտ միջոցներով մտցնել է պետք, որ Հայաստանի խորքում գտնվող բնակավայրերը սահման չեն։ Նույն տրամաբանությամբ Երևանն է «սահման», իսկ Երևանի փափուկ կյանքով ապրող ՖԲ-յան հայրենասերների տները՝ թիրախ»,-գրել է նա։
Սիմոնյանը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հանրությանը թմբիրի մեջ պահելը, անհարկի հանգստացնելը, ժամերով քաղաքական հարց ու պատասխան անելը, խնդրին չառնչվող նախագծեր քննարկելը, օր առաջ հանրության միասնականության ու մոբիլիզացիայի հարցերով չզբաղվելը սահմանակցում է տգիտության/հանցավորության հետ․ «Եվ եթե պետականության կորստի վտանգը որոշ ստրկամիտ մարդկանց ուղեղին հասու չէ, օգտագործեմ սթափեցնող մյուս հասկացությունը՝ ցեղասպանություն։ Ահա այն, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան։Այս մարտահրավերին դիմագրավելու միակ ուղին համընդհանուր միասնությունն է ու մոբիլիզացիան։Դրսից օգնություն մի սպասեք։
Վստահ եմ՝ հենց սկսենք հաջողություններ գրանցել, օգնողներ կլինեն»,-նշել է Սիմոնյանը։