Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։
Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվեցին գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։
Հայոց Հովվապետը կարևոր նկատեց, որ գնդերեցները շարունակեն իրենց նվիրյալ ծառայությունը՝ մշտապես լինելով Հայոց բանակի ու հայ զինվորի կողքին հայրենիքի պաշտպանության սրբազան գործում, գոտեպնդեն ու բարձր պահեն նրանց մարտական ոգին։
Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է եկեղեցականներին հովվական խնամք ցուցաբերել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների ընտանիքներին և վիրավորներին։