ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո քարտուղարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին, որտեղ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսած բախումներ են եղել ծանր սպառազինության և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Կան զոհեր և վիրավորներ։ Հանդիպման մասնակիցներն իրենց ցավակցությունն են հայտնել հայկական կողմին։
«Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից և անկեղծ փոխանակում։ Նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և հանդես են եկել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով դրա կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների և երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի հիման վրա։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկաներին տեղեկացրել է ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին՝ ուղղված ստեղծված լարվածության թուլացմանը։
Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետություն ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի մասնակցությամբ։ Գեներալ գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները գնահատելու են ստեղծված իրավիճակը Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում (որը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը Երևանում)։
Համաձայնեցվել է նաև Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիտորինգի նպատակով։