ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ սենատոր Փիթերսը այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ծայրաստիճան մտահոգված եմ Հայաստանի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակման մասին հաղորդումներով: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու և այս անընդունելի հարձակումների համար: Դա պետք է ներառի Ադրբեջանին Միացյալ Նահանգների աջակցության անհապաղ դադարեցումը», – հայտարարել է ամերիկացի սենատորը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը:
Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: