Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման կապակցությամբ, ասել է պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղար Բլինքենը նախագահ Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կպնդի մարտերի անհապաղ դադարեցում և խաղաղ կարգավորում Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: