Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը. Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի վրա հարձակումը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարձակումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայկական քաղաքների և անմեղ բնակիչների հրետակոծումն անընդունելի է և անօրինական: «Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ապահովմանն ուղղված աջակցությունը»,- գրել է Մենենդեսը։

Ադրբեջանի հարձակումը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը: ԱՄՆ պետդեպը ևս հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով: Պետդեպը հիշեցրել է՝ ինչպես Միացյալ Նահանգները վաղուց հասկացրել է, հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

_________

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել