ՌԴ ՊՆ-ն անջատել է VKontakte-ի և Odnoklassniki-ի հաղորդագրությունների մեկնաբանությունները, գրում է Можем объяснить տելեգրամյան ալիքը։
Նրա խոսքով՝ մեկնաբանություններն անջատվել են այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել են քննադատական հաղորդագրություններ հրապարակել՝ Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքը ուկրաինական զորքերի վերահսկողության տակ անցնելու պատճառով։
Սկզբում նման մեկնաբանությունները ջնջվեցին, իսկ հետո VKontakte-ի և Odnoklassniki-ի ՊՆ էջերի ադմինները փակեցին մեկնաբանելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Խարկովի մարզի Բալակլեյա քաղաքը, որը մարտից օկուպացված էր, անցել է ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ուկրաինացի զինվորականները հայտնում են այս մասին։ Զելենսկու խոսքով՝ սեպտեմբերի 1-ից Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք։