44-օրյա պատերազմում կարող էր այլ ելք լինել, Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է գտնենք պատասխանը՝ ինչո՞ւ այլ ելք չեղավ։ Արդյո՞ք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով ու ոչ միայն շահագրգռված էին, այլև ուզում էին այդպես լինի, որ Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն ու Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա», – ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե հիմա փաստեր են ի հայտ գալիս, որով այս հարցն իր մոտ գնալով ավելի ուժեղանում է։
«Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները օբյեկտիվ կգտնվեն այս հարցերի պատասխանը գտնելու համար։ Ոմանք փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ու ես ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկենք, ծածկադմփոց անենք։ Ես ասում եմ՝ ո՛չ, ժողովու՛րդ ջան, իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի, իսկ հիմա, երբ արդեն կոնկրետ գործողություններ են, այդ նույն մարդիկ ասում են՝ «այ, իշխանությունն այս ի՞նչ է անում, ուզում է գցի բանակի վրա»։ Ի՞նչն ենք գցում բանակի վրա, ուզում ենք հասկանանք՝ որտեղ ինչ է տեղի ունեցել», – հայտարարել է վարչապետը։
Նա ընդգծել է՝ ոչ մեկին չեն ներելու։
«Իսկ ինչո՞ւ մենք պետք է որևէ մեկին ներենք, ինչ պագոն ուզում է լինի ուսին, ինչ մեդալ ուզում է լինի դոշին, ինչո՞ւ պետք է ներենք։ Չկա ներում այդ մարդկանց։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու, գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, տո նախագահ լինի, տո նախարար լինի՝ չի ներվելու», – ասել է Նիկոլ Փաշինյանը։