Ի վերջո այս երկիրն անվտանգության տարրական զգացողություն պետք է ունենա, թե՞ ոչ. Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Հիշո՞ւմ եք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի օրը դեպքի վայրում բեմական հագուստով նստած քանոնահարուհուն: Ճիշտ է, մոռացել էիք: Հիմա ֆեյսբուքը մեր կյանքը դարձրել է մեկօրյա հիշողության կյանք: Մեկ օր քննարկում ենք, հուզվում, բարկանում, զայրանում, անցնում մյուս թեմային, մոռանալով նախկինը: Այսօր կրկին միամտաբար քննարկում ենք օտարների կողմից նետված տեսանյութը ու տարածում, քննարկում, հերոսացնում, մոռանալով դրանից առաջ գոնե մտքում անհրաժեշտ մի քանի հարցերի պատասխանել:

Վերադառնանք քանոնահարուն: Ցանկացած իրեն հարգող երկրում վաղուց քանոնահարուհին հարցաքննված կլիներ, կբացահայտվեին բոլոր նրանք, ովքեր կազմակերպել էին այդ շոուն, կպարզվեին բուն նպատակները: Մենք ոչ լուրջ, ոչ էլ կիսալուրջ երկիր ենք:

Այսուհանդերձ, ոստիկանապետից եւ ԱԱԾ ղեկավարից փորձել էի ճշտել, թե այդ ուղղությամբ ինչ է արվում եւ ինչու էին նրան թույլ տվել այնտեղ քանոն նվագել:

ԱԱԾ-ից հորդորեցին այդ հարցով դիմել ոստիկանություն, իսկ ՀՀ ոստիկանությունն էլ պարզաբանեց, թե ոստիկանությունը զբացված է եղել տարածքը շրջափակելու, քաղաքացիներին դեպքի վայրից հեռացնելու, տուժածներին առաջին օգնություն ցույց տալու գործով: Այլ կերպ ասած, ասում են, որ քանոնահարուհուն գործը չի հասել:

Քանոնահարուհին եւս քաղաքացի է եւ նրան գոնե իր իսկ անվտանգության համար պետք է եւս տարհանեին, մյուս կողմից, եթե այդ պահին ուշադրություն չեք դարձրել, բայց հետո գոնե չեք ցանկանո՞ւմ հասկանալ, թե ով էր այդ անհեթեթության շոուի կազմակերպիչները եւ ինչ խնդիր էին լուծում: Ի վերջո այս երկիրն անվտանգության տարրական զգացողություն պետք է ունենա, թե՞ ոչ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել