«Ջերմուկ Ակվա»-ն մոլորեցրել է սպառողներին

«Ջերմուկ Ակվա» ընկերության կողմից «աղբյուրի ջուր ՎանԱԿվա» մակնշումով շշալցված չգազավորված խմելու ջուր իրացնելը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որակել է օրենքի խախտում։

Հանձնաժողովն ընկերությանը նախազգուշացում է տվել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար, պահանջել է 10 օրվա ընթացքում վերացնել խախտումը, այն է դադարեցնել «աղբյուրի ջուր ՎանԱԿվա» մակնշումով շշալցված չգազավորված խմելու ջուր իրացումը, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների միջոցով իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել։

Հանձանաժողովի որոշման մեջ նշվում է, որ վարույթի շրջանակում չի հիմնավորվել ընկերության կողմից արտադրվող «աղբյուրի ջուր ՎանԱԿվա» մակնշումով շշալցված ջրի աղբյուրի ծագումը, ուստի այն չի կարող համարվել ու մակնշվել «աղբյուրի ջուր»։

Հանձնաժողովը գտել է, որ սպառողները, ձեռք բերելով ընկերության արտադրած ապրանքը, կարող են կարծել, որ ձեռք են բերում «աղբյուրի ջուր», մինչդեռ այն աղբյուրի ջուր չէ, քանի որ վարույթի շրջանակում չի հիմնավորվել ջրի աղբյուրի ծագումը։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ ընկերությունը չունի «բնական» և «աղբյուրի» ջրերի ջրօգտագործման թույլտվություն։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

Վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։

Օրենքի խախտման համար, օրինակ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ավելի քան 4 մլն դրամով տուգանել է «Սիլ Մաազա» ընկերությանը։ Այն սպառողներին քլորացված ջուրը վաճառել է որպես «բնական աղբյուրի խմելու ջուր» և «խմելու աղբյուրի ջուր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել