Նախագծի ընդունմամբ` բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու տեխնիկական անհստակությունը

Նոր գրանցվող բիզնեսները, իրավական հակասությունների հետեւանքով առաջացող խնդիրներով պայմանավորված, հաճախ ունենում են հարկման՝ իրենց համար նախընտրելի համակարգն ընտրելու հետ կապված դժվարություններ: Առաջարկվում է խնդիրը կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի լրատվության բաժնից:

««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:

Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նախագծի ընդունմամբ` բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաեւ կխնայվի ՊԵԿ-ի եւ դատարանների կողմից խնդրի առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը:

Միաժամանակ առաջարկվում է Պետական ռեգիստրի գործակալությունում ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցողներին տեղեկացնել փոխկապակցվածության հետ կապված հարկման համակարգերի ընտրության սահմանափակումների վերաբերյալ` հետագա խնդիրները կանխարգելելու նպատակով:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում տեղ գտած որոշ, մասնավորապես, հսկողության եւ վերահսկողության հետ կապված դրույթները հստակեցնելու, ինչպես նաեւ «աշխարհագրական նշում» հասկացության սահմանումը վերանայելու անհրաժեշտությամբ:

«Միգուցե մենք «Գավառի փախլավա» աշխարհագրական տեղանուն կունենանք, եւ դա կօգնի, որպեսզի այդ տարածքի փոքր եւ միջին ձեռնարկություններն ունենան իրենց արժանի մրցակցային առավելությունը եւ այդ աշխարհագրական տեղանվան անվանումով ապրանք վաճառեն, եւ միայն իրենք վաճառեն»,-պարզաբանել է նախարարը՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումները քննարկվել են համապատասխան մարմինների հետ:

Նշվել է, որ նախագիծը համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախաձեռնության նպատակը Հայաստանի Հանրապետությունում սերմերի եւ տնկանյութի հավաստագրման պետական տուրքի եւ դրույքաչափի սահմանումն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է սերմերի եւ տնկանյութի հավաստագրման համար սահմանել 5.000 դրամ պետական տուրք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել