Հասարակությունն անհամբեր սպասում է այդ փոփոխությանը. Բաբկեն Թունյան

Լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար: Փոփոխությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում: Հաշվի առնելով նմանօրինակ պատիժը՝ տնտեսավարողներն ավելի աչալուրջ կգտնվեն: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը սեպտեմբերի 7-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Այս մասին տեղեկանում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ըստ հիմնական զեկուցողի, մշակվել է Կառավարության հետ համատեղ: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաեւ տնտեսավարողների հետ, եւ վերջիններս դրական են արձագանքել առաջարկվող փոփոխություններին:

Ցուցանակը փակցվելու է մեկ ամիս ժամկետով, եւ այն դիտավորությամբ հեռացնելը նույնպես տուգանման ենթակա արարք է: Պոկված ցուցանակը հայտնաբերվելու օրվանից այն դարձյալ փակցվելու է եւս մեկ ամիս ժամկետով: Յուրաքանչյուր լցակայան հասցեական ունենալու է QR կոդ, եւ քաղաքացիները կկարողանան դրա միջոցով տիրապետել ստուգումների մասին տեղեկատվությանը: Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կտեղականան տնտեսավարողի գործունեության մասին ամբողջական տեղեկատվությանը:

Գործող կարգավորումով՝ թերլիցքավորման արդյունքում ձեւավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Առաջարկվել է ավելի համաչափության սկզբունք ներդնել. տուգանք սահմանել ֆիքսված 200 հազար դրամ եւ տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափով:

Առաջարկվող փոփոխությունները կապահովեն տուգանքների սահմանման առավել արդարացի բաշխման համակարգ, որի միջոցով տուգանք կսահմանվի կազմակերպության այն հասցեների նկատմամբ, որոնք կատարել են տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով տուգանքի չափը 0,5 տոկոսի փոխարեն պետք է լինի 3 տոկոս:

Ծովինար Վարդանյանի խոսքով՝ օրենքների նախագծերի փաթեթի հիմքում դրված է համաչափության սկզբունքը:

Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ լրացուցիչ պատժամիջոցը՝ թերլիցքավորման վերաբերյալ ցուցանակ փակցնելը, ավելի զգաստացնող եւ խիստ պատիժ է, քան տուգանքի չափը, եւ հասարակությունն անհամբեր սպասում է այդ փոփոխությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ Կառավարության նախնական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին կիսամյակում իրականացվել է 80 ստուգում, թերլիցքավորման մասով հայտնաբերվել է 5 խախտում:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումն իրականացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել