Սեպտեմբերի 6-ին, կեսգիշերն անց, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Տարոնի բաժին. շտապօգնության բրիգադը Վանաձորի Ուկրաինական փողոցից ձախ թիակի ծակած վերքով հիվանդանոց էր տեղափոխել Վանաձորի բնակիչ, 32-ամյա տղամարդու դի:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Հիվանդանոց և դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ: Տարոնի քրեական հետախույզները կարճ ժամանակում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել հենց Ուկրաինական փողոցում՝ ահազանգից մոտ երկու ժամ առաջ: Տուժածի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել ու նրան սպանել էր նույն փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:
Սեպտեմբերի 6-ի ցերեկը իրավապահների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում 31-ամյա տղամարդը ներկայացավ Տարոնի բաժին և խոստովանեց արարքը: Նա ձերբակալվել ու ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: