Պղծել են հայ մեծերի կիսանդրիները

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի` Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։

«Ես շատ կիսանդրիներ եմ տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ համարյա չեմ հանդիպել մի տեղում։ Ընդ որում բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են, ինչը եզակի երևույթ է մեր իրականության մեջ։

Դեռ մի երկու-երեք տարի առաջ այդ կիսանդրիները դեռևս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով ու նրանց դեռ կարելի էր փրկել։ Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ վերջնականորեն անարգված (ուրիշ բառ չգտա):

Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։ Մի թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չեն տեսնո՞ւմ։ Հո՞ միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չի, որին պետք է ուշադրություն դարձնել։ Նման կիսանդրիներ էլ որևէ մեկը չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։

Ու էդպես մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիները վրա կամ հարակից պատերին գրելն է․ «Մենք եղել ենք այստեղ»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել