Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում սեպտեմբերի 6-ին ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը։
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Կարեն Գրիգորյանը ներկայացրել է ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի զարգացման ծրագիրը:
Նա հեռանկարային է համարել անօրգանական ոչ մետաղական համակարգերի ուսումնասիրությունը և նանոկոմպոզիտային, գերմաքուր, գերկարծր, սպեկտորի լայն տիրույթում թափանցիկ, ռադիացիոն կայուն նյութերի ստացման տեսական և տեխնոլոգիական հիմունքների մշակումը, Հայաստանի հանքային հումքի վերամշակման մետալուրգիական և քիմիական գործընթացների հետազոտությունը՝ ցրված և հազվագյուտ տարրերի ( Re, W, Se, Te ) կորզման տեխնոլոգիական հիմունքների մշակումը, օքսիդային օքսիֆտորիդային համակարգերում ուղղորդված և նանոկառուցվածքավորված բյուրեղացման պրոցեսների ուսումնասիրությունը, թափանցիկ օպտիկական ակտիվ, ապակեկերամիկական, հազվագյուտ տարրերով լեգիրացված ապակեկերպ և բյուրեղային նյութերի մշակումը` կիրառելի միկրոէլեկտրոնիկայում, օպտոէլեկտրոնիկայում, քիմիական արդյունաբերությունում։
Կարեն Գրիգորյանը կարևորել է կիրառական աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես պաշտպանական խնդիրների լուծմանը, այնպես էլ տնտեսության զարգացմանը:
Կարեն Գրիգորյանը ծնվել է 1961 թվականին: 1983թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությունը՝ ճարտարագետ-մետալուրգ:
2005 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «γ -տրիդիմիտից վոլաստոնիտի ստացումը» թեմայով:
Կարեն Գրիգորյանի գիտական հետաքրքություններն ընդգրկում են՝ վոլաստոնիտի սինթեզ և հատկությունների ուսումնասիրում և մեծածավալ արտադրության կազմակերպում, արդյունքների ներդրում ռետինատեխնիկական իրերի արտադրությունում, ոսկերչական կաղապարման փոշիների մշակում և կիսաարդյունաբերական տեղակայանքի մշակում, փոքր տրամաչափի հրթիռային շարժիչների մշակում:
Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 30 գիտական հոդվածի, 13 զեկույցի հեղինակ է: Նա ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է 1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև տնօրեն: