Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արփինե Դավոյանը նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարել։
Iravaban.net-ը հայտնում է, որ գործող օրենքի համաձայն՝ ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են:
Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:
Վերոնշյալ կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ աոաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը պարտադիր երդվում է:
Նախագծով առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում:
«Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ»,-նշվում է հիմնավորման մեջ։