Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Այս մասին Iravaban.net-ին հայտնել է ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրելու»,- նշեց Նավիկյանը։
Նշենք, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ոչ մեծ ծանրության, իսկ խիստ պայմաններում՝ միջին ծանրության հանցանքների համար դատապարտվածները: Այս դեպքում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, և քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։
Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի՝ երկու կամ ավելի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ։
Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար (ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր): ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Նշենք, որ բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո։