Այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ չի խանգարում Ռուսաստանին համագործակցել Թուրքիայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Անկարան հենց սկզբից խոսել է այս հարցում մեզ հետիր անհամաձայնության մասին, սակայն Ղրիմը Ռուսաստանի Դաշնության մաս է, ուստի այն, ինչի մասին խոսում է Էրդողանը, անհնար է։ Այնուամենայնիվ, դա մեզ չի խանգարում շփվել Թուրքիայի հետ այնտեղ, որտեղ դա մեզ ձեռնտու է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը բարդ խնդիրների լուծման ուղղությամբ. «Հետևաբար, որտեղ մեզ ձեռնտու է, մենք շփվում ենք, կշփվենք։ Մենք համագործակցությունը խորացնելու շատ լավ ներուժ ունենք»:

2014 թվականի մարտին Ղրիմում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքում թերակղզին դարձել է Ռուսաստանի մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։

Թուրքիան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները. ավելի վաղ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիևում Ղրիմի հարթակի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ասել էր, որ Ղրիմի թերակղզին պետք է վերադարձվի Ուկրաինային։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած պայմանավորվածության դեպքում Ղրիմը պետք է լինի Ուկրաինայի մաս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել