Արդյո՞ք սովորողի ծնողը կարող է հրաժարվել դասագրքերից․ ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ դասագրքերի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հունիսի 9-ին հրաման է ստորագրել հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասպանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտել հունիսի 17-ին։

ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական առարկաների դասագրքերին և ուսումնաօժանդակ գրականությանը ներկայացվող ընդհանրական պահանջներն են․

1) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնեն առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը,

2) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է ներկայացնեն միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակեն այդ մասին, օգտագործեն միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

3) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,

4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

6) դասագրքում և ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից,

7) դասագրքի և ուսումնաօժանդակ գրականության կառուցվածքը պետք է համապատասխանեն ներքոգրյալ պահանջներին․ գլուխների և դասերի, պարագրաֆների և կառուցվածքային այլ բնութագրիչների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանքներ, փորձեր և այլն:

3. Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝

1) 176 էջը (11 մամուլ)՝ տարրական (1-4-րդ) և միջին (5-9-րդ) դասարաններում,

2) 192 էջը (12 մամուլ)՝ ավագ (10-12-րդ) դասարաններում:

4. Դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը կարող են լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։

5. Թղթային դասագրքի և ուսումնաօժանդակ գրականության ձեռքբերման ժամանակ ձեռք է բերվում նաև դրանց թվայնացման և օգտագործման իրավունքը:

6. Հիբրիդ դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը նույն թղթային դասագիրքն ու ուսումնաօժանդակ գրականությունն են, որոնց մեջ ներառված են ավելացված իրականության տարրեր, որոնք հնարավորություն են տալիս բջջային համապատասխան հավելվածի միջոցով տվյալ թեմայի վերաբերյալ տեսաձայնային հավելյալ նյութեր ներառելու:

7. Էլեկտրոնային դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը ժամանակակից ուսուցման միջոց են, ծրագրային ապահովման հատուկ գործիք, որտեղ համակարգված ներկայացվում են նյութեր` գիտելիքների որոշակի բնագավառում գիտության և տեխնիկայի ժամանակակից ձեռքբերումներին համապատասխան:

8. Դասագրքերի, այդ թվում՝ հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝

1) տարրական, միջին և ավագ դասարաններում՝ 3-ից մինչև 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից,

2) էլեկտրոնային դասագրքերի գործածության ժամկետը՝

ա) տարրական դասարաններում՝ առնվազն 8 տարի է,

բ) միջին դասարաններում՝ առնվազն 10 տարի է,

գ) ավագ դասարաններում՝ առնվազն 6 տարի է:

9. Դասագրքերի օգտագործման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով:

10. Միջնակարգ կրթության 2-րդ և 3-րդ աստիճանների թղթային և էլեկտրոնային դասագրքերի վերահրատարակման համար օգտագործվում են սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից դասագրքերի օգտագործման համար ներդրված գումարները: Նույն առարկայի թղթային և էլեկտրոնային դասագրքերի համար ներդրումային գումարները կարող են միմյանցից տարբերվել։

11. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում, կարող է օգտագործել թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ երկուսն էլ միաժամանակ կամ կարող է հրաժարվել թղթային դասագրքից և օգտվել էլեկտրոնային դասագրքից:

12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել էլեկտրոնային։

13. Թղթային դասագրքի էլեկտրոնային հղումները, դասագրքի օգտագործման մեթոդական ուղեցույցը և այլ ուսումնական նյութերը կարող են պարբերաբար թարմացվել, եթե երաշխավորվել են սույն կարգի պահանջներին համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել