Կսահմանվեն ԵՏՄ անդամ երկրների աշխատողների կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, նշանակելու (վերահաշվարկելու), տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու կարգը, ստաժի հաշվարկումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի ապահովել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-113-Ն օրենքի կիրարկումը, լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրներ։

Iravaban.net-ը հայտնում է, որ ներկայացված նախագծով կսահմանվեն Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։

Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակը նշանակումն ու վճարումն ապահովելու է, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառելու և վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայկական կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվի է առնվում Համաձայնագրի անդամ պետությունում ձեռքբերված ստաժը, եթե ՀՀ տարածքում ձեռք բերված ստաժը բավարար չէ կենսաթոշակի իրավունք ունենալու համար։

Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Համաձայնագրի անդամ պետության տարածքում «ներկայումս ՀՀ տարածքից դուրս չի վճարվում, իսկ ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակի գործն ուղարկվում է մասնակից  պետության կենսաթոշակ նշանակող մարմին՝ կենսաթոշակի վճարումը այդ մասնակից  պետությունում շարունակելու համար»։

——————

Համաձայնագրի 10-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ համաձայնագրի իրագործումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև սույն համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան:

Հայասատանի Հանրապետությունում լիազոր մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, իրավասու մարմինը՝ Միասնական սոցիալական ծառայությունը։

Կարգով նախատեսվում է կարգավորել համաձայնագրի անդամ պետությունների լիազոր և իրավասու մարմինների փոխհամագործակցությունը Համաձայնագրի կիրառման գործընթացում։

Տնտեսական հանձնաժողովի կողմից Կարգն ընդունվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից և նրա գործողությունը տարածվում է այդ օրվանից հետո ձեռք բերված ստաժի վրա՝ համաձայնագրով կենսաթոշակ է նշանակվում 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ձեռք բերված ստաժի համար։ Համաձայնագրի գործողությունը տարածվում է միայն աշխատանքային կենսաթշակների վրա։

Ըստ Համաձայնագրի 7-րդ հոդվածի՝ կենսաթոշակի իրավունքը ծագում է անդամ պետության տարածքում առնվազն 12 լրիվ ամսվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում։

Սա նշանակում է, որ համաձայնագրի համաձայն կենսաթոշակի նշանակման համար քաղաքացիները կարող են դիմել 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նախորդ մեկ տարվա աշխատանքային ստաժի համար։

Հայաստանի Հանրապետությունում դեռևս դիմում չի ստացվել։ ԵՏՄ անդամ այլ պետություններում դիմումները շատ քիչ են՝ յուրաքանչյուր պետությունում մինչև 10  դիմում։ Հայկական  կենսաթոշակի համար դիմումներ չեն ստացվել:

Համաձայնագրի շրջանակներում անդամ պետություններից յուրաքանչյուրը կենսաթոշակ է նշանակում և վճարում իր տարածքրում ձեռք բերված ստաժի համար, իր օրենսդրությամբ սահմանված կարգով։ Օրինակ՝ քաղաքացին աշխատանքային գործունեություն է իրականացրել ՀՀ-ում՝ 10 տարի,  ՌԴ-ում՝ 5 տարի։ Անկախ բնակության վայրից՝ 10 տարվա համար կվճարի ՀՀ-ն, 5 տարվա համար՝ ՌԴ-ն։

Հարկ է նշել, որ Համաձայնագրի մի շարք դրույթներ չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից։ Մասնավորապես, Համաձայնագրի շրջանակներում հարկ կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակել անձի՝ անկախ նրա Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցում հաշվառված լինելու հանգամանքից և վճարել Հայաստանի Հանրապետության սահմաներից դուրս։ Ընդ որում, այդ դեպքում վճարվելու է (արտահանվելու է) կենսաթոշակի միայն աշխատանքային մասը, հիմնական կենսաթոշակը՝ 18․000 դրամը չի վճարվելու։

Ըստ այդմ, համաձայնագրի շրջանակներում կենսաթոշակի նշանակումն ու վճարումը կազմակերպելու համար հարկ է, որ ներպետական օրենդրությամբ սահմանվեն այդ գործընթացի առանձնահատկությունները։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-113-Ն օրենքով Կառավարությանը վերապահվել են համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ կարգերը, առանձնահատակությունները սահմանելու իրավասությունները: 

Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշումը (այսւոհետ՝ Որոշում) լրացնել նոր՝ N 17 հավելվածով, որով կսահմանվեն Համաձայնագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։

Միաժամանակ նախագծով առաջարկվում է կատարել իրավակիրառ պրակտիկայից բխող փոփոխություններ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների բազայում առկա տեղեկատվությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգի կենսաթոշակառուների թիվը 03.08.2022  թվականի դրությամբ կազմում է 100, որից 54-ը նշանակվել է մինչև 01.01.2018թ, 5-ը՝ 2018թ․, 9-ը՝ 2019թ․, 17-ը՝ 2020թ․, 9-ը՝ 2021թ․, 6-ը՝ 2022թ անցած ժամանակահատվածում)։ Ըստ այդմ, կենսաթոշակի իրավունքի իրացման գործընթացում վարչարարությունը նվազեցնելու նպատակով նախագծով առաջարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համակարգի կենսաթոշակները ևս նշանակվի Միասնական սոցիալական ծառայության կողմից։

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարությանը վերապահված է լիազորություն՝ սահմանելու այն դեպքերը, երբ 1992թ․ հունվարի 1-ից հետո  աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում։ Որոշման N 1 հավելվածի 14.5-րդ կետով այս լիազորության շրջանակներում սահմանվել է, որ մինչև 1996 թվականի նոյեմբերի 10-ը աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում (առանց ենթակա կազմակերպությունների)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին ենթակա դպրոցները, գրադարանները, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակները (տեղամասերը, տնտեսությունները) հիմնականում աշխատել են անընդմեջ, նախագծով առաջարկվում է նշված ժամանակահատվածի աշխատանքային ստաժն առանց սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի հաշվարկել նաև այս կազմակերպություններում աշխատած անձանց համար։

Նույն՝  անընդմեջ աշխատելու հիմնավորմամբ, նախագծով առաջարկվում է առանց սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի հաշվարկել նաև 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած  ժամանակահատվածում (մինչև անձնավորված հաշվառման ներդրումը) քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, Որոշման NN 6, 7  հավելվածներում  նշված  կազմակերպություններում (որտեղ պաշտոններ զբաղեցրած անձինք ձեռք են բերում մասնակի կենսաթոշակի իրավունք) աշխատած անձանց աշխատանքային ստաժը՝ անկախ այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնից կամ կատարած աշխատանքից։

Ռուսաստանի Դաշնության բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև 1994 թվականի փետրվարի 24-ին կնքված վարչական համաձայնագրի (կնքվել է ըստ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի) 9-րդ հոդվածի համաձայն՝ Որոշման N 1 հավելվածի 34-րդ կետով սահմանված է կենսաթոշակի նշանակման ժամկետ այն դեպքի համար, երբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին Ռուսաստանի Դաշնությունում նշանակված է եղել կենսաթոշակ։

Նախագծով առաջարկվում է նույնաբովանդակ կարգավորում նախատեսել նաև այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակ նշանակված չի եղել։

Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում այն դեպքում, երբ անձը դիմում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար և  մահվան պետական գրանցումը օբյկտիվորեն ուշ կատարելու պատճառով բաց են թողնում  իրավունքի իրացման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները։

Քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի թիվը կրճատելու և կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու ընթացակարգերը պարզեցնելու նպատակով նախագծով առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելիս աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պայմանը կիրառել, եթե այն թվայնացված չէ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի դեպքում՝ մահվան վկայականը պսահանջվում է, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել