ՀՀ պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին է հատկացվել 765.9 միլիոն դրամ

Կառավարության օգոստոսի 18-ի նիստի օրագարկում է Երևան համայնքին գույք նվիրելու մասին հարցը, որում նշվում է․

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված Երևան քաղաքի վարչական տարածքում առկա բոլոր ճանապարհային լուսացույցները և տեխնիկական այլ միջոցները հետ վերցնել և նվիրել Երևան համայնքին»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում իրականացնում է Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և ճանապարհային լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության համակարգում կատարված բարեփոխումների համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթները ներկայումս իրականացվում են ոչ թե ճանապարհային ոստիկանության ծառայության, այլ համակարգում ստեղծված պարեկային ծառայության կողմից, որի կողմից նախատեսված չէ իրականացնել ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և այլ տեխնիկական միջոցների տեղադրման գործառույթներ, այն իրականացնելու նպատակով, արդեն իսկ 2022 թվականի համար նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում հոդվածով ՀՀ պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին է հաշվանցվել 765.9 միլիոն ՀՀ դրամ։

ՀՀ պետական բյուջեից նախատեսվող ֆինանսական միջոցների հատկացման պարագայում, ունենալով նաև իր համայնքային բյուջեն, կարող է հնարավորության սահմաններում բավարարել առկա բազմաթիվ խնդիրները, դրանով իսկ մեծապես կանխարգելելով ճանապարհային ցանցի խնդրահարույց հատվածներում և տեղամասերում ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացումը և նվազեցնելով դրանց հետևանքով առաջացող նյութական և մարդկային կորուստները:

Որոշման ընդունման պարագայում ակնկալվում է Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացում և ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և ճանապարհային լուսացույցների տեղադրման, սպասարկման և պահպանման գործընթացի էական բարելավում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել