Արդեն համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց քաղաքական հակառակորդներին, իսկ իրականում պարզապես հայրենասեր և իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը:
«Բայց վստահ եմ, որ բոլորս միասին ունենալու ենք ազատ, անկախ և հզոր Հայաստան:
Առողջություն եմ մաղթում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար Մամիկոն Ասլանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ասլանյանի պաշտպանը հայտնեց, որ բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:
Հիշեցնենք նաև, որ ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
«Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
«Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար: