Իրականացվելու է սրտի զոնդավորում. Մամիկոն Ասլանյանի պաշտպանը մանրամասներ է ներկայացրել

Արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։ Այս մասին գրառում է կատարել նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։

Հետազոտությունների փաստաթղթսվորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:

Հիշեցնենք նաև, որ ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
«Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
«Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել